Մաքրության մեծ պահանջ ու կարոտ կա. մեր երկրի, մեր ժողովրդի, մեր միջավայրի մաքրության:
Գրեթե ամեն ինչ թաթախված է աղտի մեջ: Պետությունն ու իշխանությունն ապականվել են դավաճանությամբ, դավադրությամբ, օտարամոլությամբ, ապազգայնությամբ, ստրկամտությամբ ու ապիկարությամբ: Հազարավոր մարդիկ անբարոյականության, մորթապաշտության, շահամոլության ու անտարբերության տիղմի մեջ են խրվել:
Մեր ոգին խեղված ու ընկճված է, մեր հոգին առավելս անձնատուր է եղել «ես»-ին:
Հարկ է մաքրվել ու մաքրել:
Սպասում եմ այն օրվան, երբ մեր ձեռքերով կսրբենք ու կփայլեցնենք այն ամենը, ինչն իր աղտոտվածությամբ մեզ խանգարում է լինել Զտարյուն Մենք:
Հենց այդ «զտարյունն» է հայությանը փրկելու աղետից և կրկին վեր բարձրացնելու նրան մյուս ազգերի մեջ:
Եթե յուրաքանչյուր ոք թեկուզ մի թզաչափ մաքրի իր ներսն ու արտաքինը, իր մտքերն ու վարքագիծը, իր շրջապատն ու շրջակայքը, ուժեղ ու փայլուն երկիր կունենանք:
Որտեղից էլ սկսենք ազգային մաքրության մեծ շաբաթօրյակը, ընդունելի է:
Բայց արժե սկսել իշխանությունից, որը ձեռք բերած մեծ լծակները բանեցնում է նախ և առաջ ազգային նվաստացման և իր շահասիրության համար:
Կամ կարելի է սկսել տնից ու սեփական, անձից հատկապես, որ այսօր կիրակի է (20.08.2023-irates.am), իսկ մեր սովորույթով, հանգստից բացի, կիրակին ծառայեցվում է նաև տնային մաքրության գործերին::
Ես նույնպես մտադիր եմ որոշ քայլեր ձեռնարկել, որոնց թվում, օրինակ, մաքրել ֆեյսբուքյան միջավայրս: Հենց այսօր էլ ժամանակ կհատկացնեմ դրան:
Պետք չէ, որ ընկերական ցանկում տեղ զբաղեցնեն նրանք, որ չեն արձագանքում քո տառապանքին ու աղաղակին, խոհերին ու գաղափարներին, հոգեկից չեն, գաղափարակից ու խոհակից չեն: Ավելին՝ ջուր պղտորողներ են կամ՝ սովորական ժամավաճառներ՝ ժամանցային ինքնապարծ հակումներով: Կյանքում էլ այդպիսիք չպիտի տեղ գրավեն քո միջավայրում: Մենք մաքառման մեջ ենք, իսկ մաքառել հնարավոր է մաքառուն տեսակի հետ միայն:
Չնչին մաքրության ձեռնա՞րկ է վերոնշյալը…
Այո, բայց լավ է այսպես՝ չնչին-չնչին, կաթիլ-կաթիլ անել, քան թե անբանորեն ընկղմվել ավելի խոր աղտեղության մեջ:
Մաքրությունը մեզ կլիցքավորի նոր հավատով և ուժով՝ առ մեր համազգային ու համամարդկային նպատակակետերը:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ